Դեռևս կադաստրային քարտեզների ստեղծման ժամանակահատվածում կադաստրային քարտեզներում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, որոնք շարունակաբար՝ սկսած 2021 թվականից՝ Կառավարության որոշման ընդունումից հետո, ուղղում ենք: Կարևոր է, որ քարտեզները բերենք այն մակարդակի, որ հնարավորություն ունենանք այդ բոլոր տեղեկատվություններն ինտեգրել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Կոմիտեի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2022-ին գործարկվել է տարածական տվյալների համակարգ՝ ինտեգրված գեոպորտալ, և սկսած գործարկման օրվանից՝ 10 ամիսների ընթացքում արդեն իսկ այցելությունների թիվը շուրջ 130 հազարի է հասել, դա այն պարագայում, երբ նախորդ տարի թիվը շուրջ 40 հազար էր:
Սուրեն Թովմասյանը նկատեց՝ ինտեգրացիան տարիներ շարունակ չի իրականացվել, և այժմ խնդիրն այն է, որ Խորհրդային Միությունից եկած ենթակառուցվածքները, որոնք վերգետնյա են, հեշտ էլ կարող են քարտեզագրվել, իսկ ստորգետնյա ենթակառուցվածքների ինտեգրումը ծախսատար է և երկարատև:
«Կարևորն այն կետն է, որ պետք է որդեգրենք, որ կոնկրետ ինչ-որ օրվանից հետո այլևս որևէ ենթակառուցվածքի շինարարություն չի կարող իրականացվել առանց այդ համակարգի ինտեգրացիայի»,- ասաց նա: