Անչափահասները նույնպես հունվարի 1-ից մեր արտոնությունների փաթեթի խումբ են լինելու, և իրենց ծնողների միջոցով ունենալու են հնարավորություն կա՛մ տրանսպորտային քարտով, կա՛մ մեկ այլ եղանակով, այսպես ասած՝ իրենց նույնականացմամբ, իդենտիֆիկացման մեթոդը ստանալու: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային համակարգից օգտվելիս անչափահասների նույնականացմանը և նրանց վճարման միջոցներին:
Ավինյանը կարևորեց նաև գործընթացը նոյեմբերից սկսելը:
«Փոփոխություններից վախենալ պետք չէ, պետք է վախենալ լճացումից, որովհետև քաղաքական մեր ամենամեծ թշնամին, մանավանդ մեզ նման երկրներում, կեղծ կոնսերվատիզմն է, որովհետև եթե մենք այս փոփոխություններին չգնանք, դժվարին, շատ դեպքերում՝ տուրբուլենտ, շատ դեպքերում՝ անհարմարություններ առաջացնող, մեր ոչ մի համակարգում էական որակական փոփոխություն չենք ունենալու»,- ասաց նա: