Գետը երեք կամուրջ չի քշել տարել: Երբ Խաշթառակի կամուրջը վնասվեց, և մասնագետներն ուսումնասիրեցին և ասացին՝ պետք չէ դրանով երթևեկել, կողքին նախաձեռնվեց նոր՝ ժամանակավոր կամրջի կառուցումը: Այս մասին խորհրդարանում 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներին տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով Աղստև գետի հատվածում Խաշթառակի կամրջի փլուզմանը վերաբերող հարցին:
Նախարարը պարզաբանեց՝ իրենց տեղադրած կամրջից ոչինչ չի փլուզվել, այլ գետը քանդել է դրա հարակից գրունտը:
«Դա մեզ բերեց եզրակացության, որ կամրջի 4 սեկցիայի փոխարեն պետք է 5-ը դնել: Բերեցինք, դրեցինք, հիմա աշխատում է, այսինքն՝ այդտեղ քանդել վատնել տեղի չի ունեցել: Ուղղակի չորսը բավարար չէր, թվերը կարող եմ սխալվել՝ կամ հինգն ենք դարձրել վեց, կամ չորսը՝ հինգ, սեկցիա ավելացվեց, մինչև կկառուցենք Խաշթառակի հիմնական՝ նոր կամուրջը, որը մեր առաջիկա ծրագրերում կա»,- նշեց Գնել Սանոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հորդառատ անձրևների հետևանքով Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել էր:
Տեղեկացնենք՝ Խաշթառակում նոր, ճարտարապետական ժամանակակից լուծումներով կամուրջ է կառուցվելու: