Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի իրականացրած ծրագրերի շրջանակում մենք 12 նոր շարժակազմ մտցրել ենք գծեր՝ վերանորոգման հիմքով: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մարդկանց թիվը Երևան քաղաքում ավելացել է օբյեկտիվորեն. դա մենք տեսնում ենք և՛ մետրոպոլիտենից, և՛ շտապբուժօգնության ծառայությունից, և՛ մնացած ծառայություններից, այսինքն՝ այն, որ Երևան քաղաքում բնակչությունն աճել է, դա միանշանակ է: Հետևապես այդ տեմպին համարժեք պետք է քաղաքը նաև կարողանա զարգանալ և շարունակել ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ և՛ շարժասանդուղքների հարց է լուծվելու, և՛ նոր շարժակազմի, և՛ ռելսերի փոխարինման»,- ասաց նա:
Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ Ավինյանը նշեց. «Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա վերջին մոտ՝ աշնանը, մենք ունենալու ենք կապալառու կազմակերպություն, որն արդեն իսկ կարող է անցնել շինարարության մրցույթ»: