Ասֆալտապատ նոր ճանապարհներին պատահում են ճաքեր, փոսալցումներ, սակայն եթե հարյուր տեղ ասֆալտապատման աշխատանքներ ենք կատարվում, խնդիր կարող է լինել դրանցից հինգում, յոթում, տասում: Դա նշանակում է, որ խնդիր ունենք մեր կատարած աշխատանքի ընդամենը 10 տոկոսում: Այս մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ինչպես դուք, մենք ճանապարհով երթևեկելիս տեսնում ենք այդ խնդիրները, արձանագրում ենք տեղին, բայց մեր գլխավոր պատասխանը հետևյալն է, որ դրանք հանձնաժողովների կողմից նախանշված թերություններ են: Երկու տարբերակ կա՝ կա՛մ շինարարները այդ թերությունները ընդունելի եղանակով կվերացնեն, կվճարվեն, կա՛մ հաճախ լինում է՝ չեն վերացնում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, լինում է, որ թերությունները վերացնում են, բայց մենք չենք ընդունում, բազմաթիվ դեպքեր կան՝ նոր շերտ են տեղադրում: Ես ընդունում եմ, որ, այո՛, այս ոլորտում խնդիրներ կան, բայց դրանք չէին էլ կարող չլինել»,- նշեց նախարարը:
Սանոսյանի խոսքով՝ այդ մեծ տեմպի մեջ շինարարական աշխատանքները մինչև սկսեցին գիտելիք, փորձ, տեխնիկա կամ մասնագետներ ունենալ, դա էլ պահանջեց հավելյալ ժամանակ:
«Այնուամենայնիվ, մեզ ամեն տարի հաջողվում է 500 կմ ճանապարհ ասֆալտապատել, ընդ որում, դա էլ դեպարտամենտով: Գիտեք, որ սուբվենցիոն ծրագրերով էլ է իրականացվում: Անցած տարի 800 կմ իրականացվեց, այս տարի դեռ վերջնական թվերը չունենք»,- ասաց Սանոսյանը:
ՏԿԵ նախարարն ընդգծեց՝ խնդիրները մասսայական բնույթի չեն, և բազմաթիվ ճանապարհներ լավ որակով են վերանորոգվում կամ հիմնանորոգվում, ինչի մասին փաստում են միջազգային գործընկերները: