2024 թվականին Երևան քաղաքն էականորեն ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականին Երևանի քաղաքապետարանը 39 միլիարդ դրամ եկամուտներ է հավաքագրել, 2024 թվականին՝ 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում նաև իրականացվող ծրագրերի ծավալն է ընդլայնվել:
«Երևանը վերջին երկու տարիների ընթացքում սկսել է իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք երբևէ նախկինում չի իրականացրել: Մասնավորապես՝ վերջին երկու տարվա ընթացքում սկսել է ամեն տարի 14-15 կիլոմետր կոյուղի փոխարինել, որը, փաստացի, ֆորմալ Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը, սեփական եկամուտներից ելնելով, որոշակի բյուջե է ներդրել, և տարին 1,5-1,8 մլրդ դրամ է ծախսել: Այս տարի արդեն իսկ ավարտում ենք այդ աշխատանքները, և ուզում եմ հատուկ շեշտել, որ սա իրականացնում ենք ուղղակի այն պահանջարկից ելնելով, որ քաղաքում կա: Այսինքն՝ կան ենթակառուցվածքներ, որոնք այն աստիճանի մաշված են, փոխարինման կարիք ունեն, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի այլընտրանք չունի»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ դա է եղել պատճառը, որ տարբեր մարմինների հետ երկար գրագրությունների մեջ մտնելու փոխարեն քաղաքապետարանը գումար է դրել և իրականացնում է ծրագիրը:
Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա Կառավարության ջանքերով այս տարվա ընթացքում մոտավորապես 52 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ են կատարվել, որոնք Ավինյանն «աննախադեպ» որակեց: