Իծաքար-Գանձաքարը երբեք ասֆալտապատ ճանապարհ չի եղել: Բավական մեծ նախագիծ է՝ մոտ 35, որոշ տեղերում՝ մոտ 40 կմ-ի կարող է հասնել: Ամբողջովին նոր՝ բավական բարդ պայմաններով անցնող գրունտային ճանապարհի կառուցում է՝ լրիվ նոր ասֆալտապատ ճանապարհով: Այս մասին, անդրադառնալով Տավուշի մարզով անցնող Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգմանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը խոստովանեց՝ ճանապարհի կառուցման ժամանակ խնդիրներ են ծագել շինարարի հետ, ժամանակ են տվել շինարարական ընկերությանը թերությունները շտկելու, սակայն չի կարողացել:
«Գիտեք, որ ընկերությանը հեռացրել ենք, նոր ընկերություն է այնտեղ աշխատում: Գնացինք դատական պրոցես և այլն: Նոր շինարարը որոշ հատվածներում ինչ-ինչ խնդիրներ ուներ, լաբորատոր փորձարկումներ իրականացվեցին՝ գրունտների, կավային շերտի հետ կապված: Կարծես այդ խնդիրները մնացին հետևում, հիմա շինարարությունն իրականացվում է»,- տեղեկացրեց Սանոսյանը:
Նրա խոսքով՝ հնարավոր է՝ լինեն ժամկետի հետ կապված խնդիրներ, սակայն ծրագիրը կիրականացվի՝ չնայած բարդություններին: