Յուրաքանչյուր փոփոխություն որոշ ժամանակ է պահանջում: Այս երկու ամսում մոտավորապես 1 տոկոս տերմինալներով վճարումներից այսօր իսկ արձանագրեցինք 26 տոկոս: Սա տեղի է ունեցել ընդամենը 1 օրում: Կանխիկ վճարման փոխարեն մոտավորապես 26 տոկոսն արդեն անցել է անկանխիկ վճարման, ինչն ահռելի փոփոխություն է, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա վստահություն հայտնեց՝ երկու ամսում կհասցնեն էական փոփոխություններ իրականացնել:
Դիմելով երևանցիներին՝ քաղաքապետը վստահեցրեց՝ ճանապարհը, որը միասին անցնում ենք, հանգեցնելու է հանրային տրանսպորտի բարելավմանը, որակի պահպանմանը և բարձրացմանը:
«Ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված անհարմարության համար, բայց վստահ եղեք, այս նոր մեթոդները՝ անկանխիկ վճարումները, բացի թափանցիկությունից, ապահովելու են ձեր հետագա հանրային տրանսպորտի որակը»,- ասաց Ավինյանը:
Ինչ վերաբերում է նոր երթուղիների սահմանմանը, նկատեց՝ կարևոր է հասկանալ տրանսպորտային բարեփոխման ռազմավարությունը, քանի որ «մեր նախկին «ԳԱԶել»-ներով գծերի պատկերացումից անցում ենք կատարում մի փոքր այլ համակարգի:
«Մենք մոտավորապես Երևան քաղաքում ունենալու ենք 40-45 ուղղություն, որոնցով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»,- ասաց քաղաքապետը՝ նկատելով, որ գծերի քանակը դեռևս շատ է, իսկ հաջորդ տարվանից դրանք սկսելու են պակասել: