Ավիացիոն սև ցուցակում հայտնվելու պատճառն արձանագրված 41 թերություններն էին: Ես կարող եմ հայտարարել, որ 40 թերությունը վերացված է, իսկ 1 թերության վերացումը կավարտվի դեկտեմբերին: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե երբ է Հայաստանի ավիացիան դուրս գալու Եվրոպայի սև ցուցակից:
«Մեր գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, և այդ պակասի մի մասը լրացրել ենք արդեն, և ևս մի քանի մասնագետ ունենք, որոնք վերապատրաստման փուլում են, դասընթացների են, և վերապատրաստումը կավարտվի դեկտեմբերի կեսերին:
Հաշվի առնելով, որ բավականին մոտ ենք արդեն, որ կարողանանք դիմել ԵՄ ավիացիոն գործընկերներին, որպեսզի դիտարկեն, ուսումնասիրություն անեն, որ սև ցուցակից դուրս գանք, մենք արդեն հոկտեմբերին նախաձեռնել ենք այդպիսի պրոցես, այսինքն՝ դիմել ենք գործընկերներին, որպեսզի կազմենք այն աշխատանքային պլանը կամ գրաֆիկը, թե ինչ փուլերով պետք է անցնենք, որպեսզի փաստվի, որ այդ թերությունները վերացված են, և հայկական ավիացիան դուրս գա սև ցուցակից»,- ասաց նախարարը:
Սանոսյանը նշեց, որ նոյեմբերի 13-ին եվրոպական գործընկերների հետ տեսակապով խորհրդակցություն է նշանակվել, որի ժամանակ կձևավորվի ճանապարհային այն քարտեզը, համաձայն որի՝ գործընթացն ավարտին կհասնի:
«Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք կամ վերջին խնդիրների վերացման ճանապարհին ենք: Այդպիսի հույս տալիս է ինձ այն, որ այս ընթացքում՝ նաև 2024 թվականի սկզբին, ունեցանք ՀՀ-ում անցկացված ԻԿԱՕ-ի աուդիտ: ԻԿԱՕ-ն ավելի բարձր մարմին է, քան եվրոպական այն մարմինը, որը ստուգումներ էր իրականացրել, և ԻԿԱՕ-ի արձանագրությունը ցույց տվեց, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմն արդեն իսկ դիմել է գործընկերներին, որպեսզի առաջիկա ամիսներին ուսումնասիրություն իրականացնեն Հայաստանի ավիացիոն ոլորտում: