Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարումներ իրականացնել հասարակական տրանսպորտից օգտվելիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնեց՝ նախորդ շաբաթ խոսել է ԿԲ-ի նախագահի հետ, և նրանք բանկային քարտերով վճարման համակարգը ներդնելու վերջնականացման փուլում են:
Ավինյանի խոսքով՝ բացի բանկային քարտերով վճարումներից, հասանելի են լինելու նաև Mayfair քարտերով վճարումներ, այսինքն՝ տրանսպորտային քարտերով վճարումները:
«Բոլոր այն դեպքերում, երբ մարդու իդենտիֆիկացիայի կարիք է լինելու, մարդն ունենալու է հնարավորություն և՛ հավելվածով, և՛ տրանսպորտային քարտից օգտվելու»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստեղծվել է «100-դրամանոցների ճգնաժամ», կարևոր արձանագրում արեց՝ այս բոլոր խնդիրներով, չվճարումներով հանդերձ, վերջին 2-3 օրում փաստացի ավելի շատ գումար է հավաքվել:
«Ուրբաթ օրը դրա նախորդ օրվա համեմատ հավաքել ենք 1 միլիոն 700 հազար դրամով ավել, շաբաթ և կիրակի օրերը միասին՝ մոտավորապես 9 միլիոն դրամով ավելի գումար՝ նախորդ շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի համեմատությամբ:
Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև նոր շարժակազմերը պահելը և նրանց տեխնիկական սպասարկումը և ծախսերը կտրուկ աճել են, որովհետև մենք ձգտում ենք ավելի լավ որակով տրանսպորտ ապահովել: Այս նոր՝ 171 ավտոբուսները մտնելուց հետո այդ ծախսերն ավելի են մեծանալու, ասեմ ավելին, 250 նոր ավտոբուսներ գնելուց հետո ծախսերը ավելի կավելանան: Դրա համար միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ: Այն Երևանում երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոցն է»,- նկատեց նա:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր՝ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով: