Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթում է գործող նախագահ Մայա Սանդուն՝ քվեների 55,04 տոկոսով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի: Մոլդովայում նախագահ ընտրվում է 4 տարի ժամկետով:
Ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել քվեարկողներին և հայտարարել, որ մոլդովացիները ժողովրդավարության դաս են տվել, որն արժանի է պատմության գրքերում գրվելու: «Այսօր դուք փրկեցիք Մոլդովան: Արժանապատիվ ապագայի մեր ընտրության հարցում ոչ ոք պարտություն չի կրել»,- հայտարարել է Սանդուն և նշել, որ այդ քարոզարշավում ականատես են եղել Մոլդովայի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների խոցելիության փաստին:
«Այժմ մեր առաջնահերթությունը դրանք վերացնելն է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները»,- հայտարարել է Մայա Սանդուն՝ ընդգծելով, որ Մոլդովան Եվրոպայի պատմության մեջ աննախադեպ հարձակման է ենթարկվել, եղել են անօրինական գումարներ, ձայներ գնելու փորձեր, երկրից դուրս թշնամական ուժերի և հանցավոր խմբերի կողմից ընտրական գործընթացներին միջամտություն, սուտ, ատելություն և վախ սերմանող գործողություններ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: