Միասնական տոմսային համակարգի ներդրումը հունվարի 1-ից ենթադրում է նոր տեսակի վճարային համակարգեր, նոր տեսակի սակագներ տարբեր ժամանակահատվածների համար: Փոխվում է վճարման համակարգի տրամաբանությունը, բայց, որ ամենակարևորն է, այս տարի իրականացնելու ենք արտոնությունների նախագծի փաթեթի ընդունումը, որտեղ բոլոր խոցելի խմբերին՝ թոշակառուներ, դպրոցականներ, ուսանողներ և այլն, տրվելու են արտոնություններ նոր միասնական համակարգում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա է ընդհանուր տրամաբանությունը, որի մասին մենք խոսել ենք»,- ասաց քաղաքապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, թե սկսելու է ստորագրահավաք հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ, Ավինյանը պատասխանեց՝ նախկին քաղաքապետը գուցե որոշակի տրամաբանություն էր տեսնում, երբ գնում էր, օրինակ՝ «ԳԱԶել»-ներ, որոնց 30-40 տոկոսը այսօր անսարք վիճակում է:
«Կարծում եմ՝ քաղաքային իշխանությունների այսօրվա տեսլականն այն է, որ հանրային տրանսպորտը գերակա է, և հանրային տրանսպորտում որակը երևանցիների համար, մեզ համար գերակա է: Մենք այլևս չենք ուզում վերադարձ ունենալ դեպի նախկին՝ վատ համակարգեր, դեպի նախկին վատ շարժակազմեր: Մենք չենք ուզում մաշված, վատ շարժակազմեր ունենալ ապագայում, և միակ խնդիրը, որ լուծում ենք, հանրային տրանսպորտի որակի խնդիրն է երևանցիների համար»,- նկատեց Երևանի քաղաքապետը:
Դիտարկմանը, թե երևանցիները պատրաստ չեն այդ համակարգի ներդրմանը, նկատեց՝ նման մասշտաբի բարեփոխում ունի ադապտացիոն շրջան:
«Մենք ինչո՞ւ ենք երկու ամիս շուտ սկսել այս աշխատանքները: Որպեսզի ձեր բոլոր մատնանշած խնդիրները ի հայտ գան, և դրանք կարողանանք լուծել այս երկու ամսում»,- նկատեց Ավինյանը:
Նա հիշեցրեց՝ մենք մի քանի տասնամյակ է՝ հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարում ենք 100 դրամ, իսկ այսօր ունենք MAN, Zhongtong ավտոբուսներ և գրեթե ամբողջությամբ փոխված շարժակազմ, այս տարի գնվել է ևս 171 նոր ավտոբուս:
Նրա խոսքով՝ փոփոխությունները քննադատվում են մարդկանց կողմից, որոնք սովոր չեն օգտվել ավտոբուսներում տեղադրված նոր սարքերից:
«Այդ քննադատությունը ընդունելի է, մենք այդ քննադատության ընթացքում իրականացնում ենք շտկումներ, բայց մեր գերխնդիրն այն է, որ մենք պետք է ունենանք նորացված համակարգ, և այդ նորացված համակարգը պետք է դառնա անփոխարինելի՝ այն տեսանկյունից, որ մենք վերադարձ չպետք է ունենանք հին «ԳԱԶել»-ներին»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց երևանցիներից այն դժվարությունների համար, որոնց նրանք բախվում են այս ընթացքում, բայց վստահեցրեց, որ այն ճանապարհը, որով միասին անցնելու ենք, միայն բերելու է ավելի լավ՝ որակյալ տրանսպորտային համակարգի: