Տեքստիլ ոլորտն իրապես խնդիրներ ունի՝ կապված GSP+ համակարգի հետ: Հայաստանը զրկվել է այդ համակարգից, քանի որ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն բարձր է, և այլևս այդ երկրների թվին չի պատկանոմ, որ պետք է ստանա այդ աջակցությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ դրա հետևանքով ոլորտը որոշակի խնդիրների առաջ է կանգնել:
«Կարծում եմ, որ պետությունը աջակցության որոշակի ծրագրեր կունենա ոլորտի համար 2025 թվականին, որովհետև այն ապահովում է մեծ թվով աշխատատեղեր»,- նշեց նախարարը:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ տեքստիլի մասով գումարներ կվերադարձվեն պետական բյուջե, դրանք չեն հասցնի ծախսել:
«Տեքստիլ ոլորտի օպերատորը գրանցվել է օրեր առաջ, այնինչ պետք է գրանցված լիներ տարիներ առաջ: Տեքստիլ ոլորտի զարգացման համար նախատեսված էր մի ծրագիր, որը, ըստ էության, արդյունավետ չէր աշխատում»,- հայտնեց Պապոյանը՝ նշելով, որ ծրագիրը ներկայումս վերափոխվում է:
«Կարծում ենք` լավ կլինի, որ նոր շուկաներում, մասնավորապես, ԵՄ շուկայում, կարողանանք մաքսատուրքերի կամ դրանց մոտ չափով արտահանողներին աջակցել տարբեր ծրագրերի միջոցով»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: