Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման, և, ըստ էության, դա է տեղի ունեցել. վերականգնվել է պետությունից թաքնված շրջանառությունից առաջացող հարկը՝ տույժերով հանդերձ, և քրեական վարույթն ավարտվել է այդ հիմքով: Լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նոր Զովքի» գործին:
«Հայտնաբերվել է մեր կողմից, հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց. «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին, որովհետև ՊԵԿ-ը, և առհասարակ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ՝ իր գործունեությամբ ցույց է տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է, և հարկերի մասով խնդիր ունեցող տնտեսվարողների մասով իրականացնում է հավասար և արդար վարչարարություն»:
Ռուստամ Բադասյանն անտեղի է համարում այդ միջոցառումները նախկին իրականության հետ համեմատելը: «Միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը, եթե ճիշտ եմ հասկացել՝ սկսնակ բիզներին օգնելն է, և արդեն կայացած բիզնեսները փորձում են օգնել, իրենց օգնությունը ցույց տալ ընդհանուր տնտեսության զարգացմանը, կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, շատ լավ գաղափար է»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին թե արդյոք ընթրիքից հետո այլևս ստուգումներ չեն լինելու «Նոր Զովքում», ՊԵԿ նախագահն ասաց.
«Եթե խնդիր տեսնենք, անպայման ստուգում կանենք, և եթե ռիսկերի համակարգն ընտրվի որպես ռիսկային, անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք»:
Հիշեցնենք, որ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: