Հայաստանում հարկային տեռոր չկա: Ընդհակառակը՝ մեր վարչարարությունը միտված է ապահովելու լավ պայմաններ հարկ վճարողների համար, և մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն դիտարկմանը, թե ՀՆԱ-հարկեր հարաբերակցության 0,7 տոկոսային կետով բարելավումը «հարկային վարչարարության տեռորի» հետևանքով է լինելու:
«Կառավարությունը միշտ փորձում է ոչ թե լավ արդյունքներ կանխատեսել, այլ շատ ավելի լավ, այսինքն՝ նշաձողը դնում է բարձր, որպեսզի բոլորս ձգտենք այդ նշաձողին հասնել: Բայց այս տարի շատ լավի փոխարեն լավ արդյունքներ ենք արձանագրել: Մենք պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, անվանական ՀՆԱ-ն, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով, ինչը վատ ցուցանիշ չէ, հակառակը՝ լավ ցուցանիշ է, եթե ոչ՝ շատ լավ:
Բնականաբար, արդեն ակտուալ չէ նախապես ծրագրված թիվը, որովհետև այլևս մենք նոր կանխատեսում ունենք, այսինքն՝ 2 տրիլիոն 613 միլիարդ էր ակնկալվում, եթե 11 տոկոսով անվանական ՀՆԱ-ն աճեր, հիմա ակնկալում ենք 5 տրիլիոն 455 միլիարդ՝ նոր կանխատեսված ցուցանիշներով, և, բնականաբար, տարին ավարտելուց հետո նոր հնարավոր կլինի ամփոփել արդյունքները:
Ինչ վերաբերում է գալիք տարվա համար ծրագրված ցուցանիշներին, ՊԵԿ-ի խնդիրն է ի գիտություն ընդունել այն, ինչ պլանավորում ենք Կառավարությունում, բայց, բնականաբար, հարկերը հավաքագրվում են առկա տնտեսությունից»,- ասաց նա:
Բադասյանը նաև հիշեցրեց, որ 2024 թվականի համար կանխատեսվում է 7-ի փոխարեն 5,8 իրական աճ: