Պետբյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ այս տարի կրկնապատկվում են, կրկնապատիկից ավելի են, և մեր բյուջեի եկամուտների 90 և ավելի տոկոսը հավաքագրվում է խոշոր հարկ վճարողներից: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Մեր վարչարարությունն ուղղված է հենց խոշոր հարկ վճարողներին»,- ընդգծեց նա:
Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նաև հատուկ հարկման համակարգերի վերացմանը:
«Անցած, նախանցած տարի այն նույն քննարկման շրջանակներում ես անդրադարձել եմ մի երևույթի, երբ հատուկ հարկման համակարգերն օգտագործվում են խոշոր սուբյեկտների կողմից սեփական հարկերը պակասեցնելու նպատակով, և հրապարակել եմ թվերը, թե ինչքան են հատուկ համակարգից ծառայության հաշիվներ դուրս գրվում ընդհանուր հարկման համակարգին, որը դրույքաչափերի տարբերության առկայության պայմաններում խոշորն օգտագործում է ավելի պակաս հարկ վճարելու համար: Երբեմն դա ուղղակի պլանավորում է, երբեմն դա կոպիտ, ագրեսիվ հարկային պլանավորում է, այսինքն՝ տարբեր իրավիճակներ կան, և մենք այդ երևույթն ենք հասցեագրել և այդ երևույթի դեմ ենք ուզում պայքարել»,- ասաց նա: