Մոլդովայում այսօր նախագահի ընտրության երկրորդ փուլն է։
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Մայա Սանդուն և երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Մոլդովայի վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին:
Հիշեցնենք՝ նախագահի ընտրության առաջին փուլում Մայա Սանդուն ստացել էր ընտրողների ձայների 42,49 տոկոսը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,95 տոկոսը:
Մոլդովայի ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ ընտրության անցկացումն ապահովելու նպատակով երկրում բացվել է 2219 ընտրատեղամաս, այդ թվում՝ 1988-ը՝ երկրի տարածքում, ներառյալ 30 ընտրատեղամաս Մոլդովայի այն քաղաքացիների համար, որոնք ապրում են Դնեստրի ձախ ափին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել էր նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։
Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել էր 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ էր արտահայտվել: