Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասերին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վիրավորվել է 11 մարդ։ Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են եղել «Հըզբոլլահ»-ի ուժերը: Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ն էլ Լիբանանից հարվածներ էր հասցրել Իսրայելի կենտրոնական տարածքներին: ԶԼՄ-ների տվյալով՝ Տիրա քաղաքում բնակելի շենք է վնասվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Արաբական լրատվամիջոցները, վկայակոչելով «Հըզբոլլահ»-ի աղբյուրները, տեղեկացրել են, որ թիրախավորվել է նաև Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական հետախուզական բազաներից մեկը: Իսրայելի հյուսիսում ևս պայթյուններ են լսվել: Լարվածությունը պահպանվում է Գազայի հատվածում:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցչի չեզոքացման մասին: Հայտնի է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: Լրատվամիջոցների տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը հերթական անգամ հրաժարվել է ընդունել ժամանակավոր հրադադարի և պատանդների փոխանակման մասին հնարավոր համաձայնագրի պայմանները՝ նշելով, որ փաստաթուղթը չի ենթադրում իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի հատվածից: Իսրայելից, սակայն, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը չի մերժել հրադադարի մասին Եգիպտոսի և Կատարի բանակցողների փոխանցած առաջարկը և ակնկալվում է, որ շարժումը կպատասխանի դրան առաջիկայում:
Այս շաբաթ Դոհայում տեղի է ունեցել Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների հանդիպումը, օրակարգում է եղել Գազայի հատվածում խաղաղության հասնելու հեռանկարը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։