«Հըզբոլլահը» Լիբանանից հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական տարածքներին: ԶԼՄ-ների տվյալով՝ Տիրա քաղաքում բնակելի շենք է վնասվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Արաբական լրատվամիջոցները, վկայակոչելով «Հըզբոլլահի» աղբյուրները, տեղեկացրել են, որ թիրախավորվել է նաև Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական հետախուզական բազաներից մեկը: Իսրայելի հյուսիսում ևս պայթյուններ են լսվել:
Լարվածությունը պահպանվում է Գազայի հատվածում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցչի չեզոքացման մասին: Հայտնի է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ:
Լրատվամիջոցների տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը հերթական անգամ հրաժարվել է ընդունել ժամանակավոր հրադադարի և պատանդների փոխանակման մասին հնարավոր համաձայնագրի պայմանները՝ նշելով, որ փաստաթուղթը չի ենթադրում իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի հատվածից:
Իսրայելից, սակայն, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը չի մերժել հրադադարի մասին Եգիպտոսի և Կատարի բանակցողների փոխանցած առաջարկը և ակնկալվում է, որ շարժումը կպատասխանի դրան առաջիկայում: Հիշեցնենք՝ այս շաբաթ Դոհայում տեղի է ունեցել Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների հանդիպումը, օրակարգում է եղել Գազայի հատվածում խաղաղության հասնելու հեռանկարը: