ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կարձագանքեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական գործակցությանը։
Պետքարտուղարությունը հարավկորեացի գործընկերների հետ հանդիպումից հետո հրապարակել է կողմերի ընդունած համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ պաշտոնյաները կոչ են անում Մոսկվային և Փհենյանին՝ հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև խոստանում են շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը։
Վաշինգտոնը և Սեուլը համաձայնել են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի խորացող հարաբերությունները սպառնում են կայունությանը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում: Միացյալ Նահանգները վերահաստատել է իր հավատարմությունը Հարավային Կորեայի պաշտպանությանը։
Կողմերը նշել են, որ Կորեայի Հանրապետությունում գտնվող ամերիկյան ուժերը կարևոր դեր են խաղում Կորեական թերակղզում և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Կողմերն ընդգծել են նաև միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը: