Եվրոպական երկրները մոտ են Ադրբեջանի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարանցման համաձայնագրի ժամկետի ավարտից հետո տարածաշրջան բնական գազի մատակարարումները պահպանելու վերաբերյալ՝ հայտնել է Bloomberg-ը:
Գործակալության աղբյուրը նշել է, որ հունգարական MVM և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel ընկերություններն Ադրբեջանից տարեկան 12-14 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր կարող են ստորագրել: Նշվում է, որ այն կօգտագործի նույն խողովակաշարային ցանցը, որն այժմ ռուսական գազն Ուկրաինայի տարածքով հասցնում է Եվրամիություն։
Ռուսական «Գազպրոմի» գազի փոխարեն, որի հետ Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել դեկտեմբերին ավարտվող տարանցման համաձայնագիրը, վերոնշյալ գազատարով ադրբեջանական գազ կմատակարարվի: Ադրբեջանական SOCAR ընկերությունն այն կհասցնի Սուջայի գազաչափ կայան, որն այժմ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, և այնտեղ կփոխանցվի հունգարական և սլովակյան ընկերություններին, որոնք էլ գազը կհասցնեն իրենց երկրներ։