Մոլդովայի գործող նախագահ և «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Մայա Սանդուն ողջունել է քաղաքացիների որոշումը՝ անցած հանրաքվեում քվեարկելու Եվրամիությանն անդամակցելու օգտին:
«Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ եվրաինտեգրման հարցը կներդրվի երկրի Սահմանադրության մեջ։ Միասին մենք հաղթեցինք այս ճակատամարտում, և մեր նպատակն իրագործվեց։ Դա ձեր վաստակն է, սիրելի՛ քաղաքացիներ»,- նշել է Սանդուն, հավելել՝ կիրակի օրը՝ նոյեմբերի 3-ին, ևս մեկ պայքար է սպասվում:
Մոլդովայի նախագահի խոսքով՝ իրենց նպատակն է մինչև 2030 թվականը դառնալ ԵՄ անդամ։
Ավելի վաղ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է Եվրամիությանը Մոլդովայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ հանրապետական սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի կունենա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Մայա Սանդուն և սոցիալիստների թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն: