Թուրքական «Հյուրիեթ» թերթի հետ հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Անկարայի դիրքորոշման մասին, ընդգծել է՝ Մոսկվան բարձր է գնահատում հակամարտության կարգավորման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը, այդ թվում՝ միջնորդական։
«Սակայն Անկարան, ցավոք, շարունակում է գործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են թուրքական զենքը ռուս զինվորականներին և խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Դա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով, որ Անկարան միջնորդական ծառայություններ է առաջարկում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մերձավոր Արևելքում զարգացումներին: Նա կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից և դադարեցնել արյունահեղությունը:
«Այս հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել»,- ասել է Լավրովը, հավելել՝ միայն Պաղեստինի Պետության ստեղծումը կարող է երաշխավորել կայուն խաղաղություն Մերձավոր Արևելքում:
Հարց է հնչել նաև Միացյալ Նահանգներում հաջորդ շաբաթ կայանալիք նախագահի ընտրության մասին: Լավրովը պատասխանել է՝ Մոսկվան նախապատվություններ չունի և Միացյալ Նահանգների ռուսաֆոբ կուրսը փոխելու հեռանկար չի տեսնում։
«Այժմ մեր երկրները կանգնած են ուղիղ ռազմական բախման եզրին»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը: