Ուկրաինան ուշադրությամբ հետևել է Վրաստանում խորհրդարանի ընտրություն գործընթացին. մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային առաքելության եզրակացություններին, որն արձանագրել է բազմաթիվ խախտումներ: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ:
«Ընտրակաշառք, ահաբեկում, պարտադրանք և ճնշում ընտրողների վրա, քվեարկության ոչ թափանցիկություն, ընդդիմադիր կուսակցությունների՝ ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակում. ահա խախտումների ոչ ամբողջական ցանկը, որոնցով կհիշվեն այս ընտրությունները: Զարմանալի չէ, որ դրանց արդյունքները բարձր են գնահատվել Ռուսաստանում. կամարտահայտության արդյունքների վրա ազդեցությունը բնորոշ է ռուսական ռեժիմին»,- նշված է փաստաթղթում:
Ըստ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ դա անհամատեղելի է դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ Թբիլիսիի հայտարարած ճանապարհի հետ։ Նշվում է, որ միջազգային դիտորդների հաստատած փաստերը պետք է հետաքննվեն՝ ընտրության լեգիտիմությունն ապահովելու և քաղաքական ճգնաժամից խուսափելու համար:
«Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում չհետևել ինքնիշխանության ու անկախության կորստի բելառուսական ճանապարհին։ Ուկրաինան ցանկացած պարագայում կաջակցի վրաց ժողովրդին՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական կուրսը շարունակելու ձգտման հարցում»,- նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։