Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներով խորհրդարան անցած ընդդիմադիր չորս ուժից երեքը նոյեմբերի 4-ի երեկոյան հանրահավաք է հրավիրել։ Նրանց միանալու մասին դեռևս չի հայտարարել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան` հանուն Վրաստանի» կուսակցությունը։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությունն անցել է արտաքին աննախադեպ միջամտության պայմաններում։
«Արտասահմանյան ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններում աննախադեպ միջամտություն է գրանցվել դրսից, այդ թվում՝ օտարերկրյա փողերով»,- ասել է Կոբախիձեն:
Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը նշել է ընդդիմության նախընտրական հանրահավաք-համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրությունից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորվել է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք միջոցներ են ստանում արտերկրից: