ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող Plug and Play Germany GmbH աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Հոկտեմբերի 31-ին կայացել է Աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26-շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից մասնակցության հնարավորություն ստացած 20-ի անունները՝ TACTUN, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, Pearch.AI, CaseLens, doodooc, LunarTech։
Ներկաներին ողջունել և ծրագրի կարևությունն է ընդգծել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ «Սրանով հնարավորություն է տրվում հայաստանյան ստարտափներին դուրս գալու միջազգային շուկաներ, ստանալու նոր գիտելիքներ, լավարկել իրենց պրոդուկտները, պատկերացնել և հասկանալ, թե ինչպես են աշխատում միջազգային ընկերությունները և ինչպես է հնարավոր դառնալ չեմպիոններ նաև միջազգային շուկաներում»,- ասել է նախարարի տեղակալը, տեղեկացնելով նաև, որ ընտրված 20 ստարտափից 10-ը նոյեմբերին գնալու են Սիլիկոնյան հովիտ, որն անչափ մեծ հնարավորություն է նրանց համար ներկայացնելու Հայաստանը, կապեր հաստատելու, բրենդավորելու իրենց թիմերը և պրոդուկտները միջազգային հարթակներում։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Plug and Play Germany GmbH-ի կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։
«Այս առաքելությամբ մենք Հայաստանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ ստարտափներին օգնելու աճել հասնելով միջազգային մակարդակի՝ կապելով նրանց մեծ կորպորացիաների և ներդրողների հետ»,- ասել է Plug and Play Germany GmbH-ի գործադիր տնօրենը։
Նա նաև ընդգծել է, որ որ իրենք այստեղ են, քանի որ ԲՏԱ նախարարությունը շատ հետաքրքրված է Հայաստանում ունենալ միջազգային աքսելերատոր՝ նպատակադրված լինելով զարգացնելու ստարտափ էկոհամակարգը երկրում։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Տեսակապի միջոցով ներկաներին ողջույնի խոսք է ուղղել նաև Plug and Play-ի ղեկավար (CEO) Սայիդ Ամիդին։
Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Ինչպես են բեկումնային ստարտափները նպաստում զարգացող շուկաների աճին» թեմայով, որին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Plug and Play-ի կորպորատիվ նորարարության ավագ մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան և ծրագրի մենթոր, դոկտոր Ֆարես Ալաբուդը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները,ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավեինք Ղուկասյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ։
Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպոռացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն աջակցում է ստարտափներին՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:
Plug and Play-ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:
Plug and Play-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված կազմակերպությունների թվում են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play Germany GmbH կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024 թ. օգոստոսի 15-ին: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 մլն ՀՀ դրամ: