ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ազգային ժողովում աշխատանքային քննարկում ենք ունեցել՝ նվիրված ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագրին, որը հաշմանդամություն ունեցող երեխաների որոշ ծնողների համար մտահոգության առիթ է դարձել։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է փորձնական ծրագրի նպատակը, ակնկալվող արդյունքները և հնարավոր ռիսկերը։ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն իրենց մտահոգություններով են կիսվել, որոնք հիմնականում վերաբերում էին ուսուցչի համար այսպես ասած՝ «դժվար» երեխաներին արհեստականորեն առանձին դասարանում մեկուսացնելու ռիսկին։
Արաքսիա Սվաջյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հավաստիացմամբ՝ ռեսուրս-սենյակը նպատակ ունի մասնավորապես կրթության մեջ ներառելու այն երեխաներին, որոնք ընդհանրապես կամ բավարար չափով ներգրավված չեն դպրոցում։
Կարծում եմ, որ նկատի ունենալով ծրագրի նպատակը, անհրաժեշտ է այն առաջնային դարձնել տնային կրթության համակարգում կամ հատուկ դպրոցում սովորողների համար։ Իսկ դպրոց հաճախող և քիչ թե շատ կրթական գործընթացում ներառված երեխաների համար այդ ծառայությունները կարող են լինել ընտրովի և հավելյալ՝ առանց փոխարինելու կրթական հիմնական գործընթացին։
Եվ, որ ամենակարևորն է, պետք է կառավարենք բոլոր ռիսկերը, որոնք կարող են հակասել ներառական կրթության գաղափարին և սկզբունքներին։
Հանդիպման ավարտին որոշվեց գրավոր առաջարկներ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, և դրանց քննարկումն իրականացնել առաջիկայում»,- գրառման վերջում նշել է պատգամավորը։