1
Առողջապահության նախարարությունն անում է ամեն ինչ և շահագրգռված է, որպեսզի օր առաջ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվի, և ես կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ է դրան: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր քաղաքացիների կողմից այս ռեֆորմը սպասված է: Վերջին հարցումների շրջանակում տեսանք, որ առողջապահական խնդիրներն առաջին երեք առաջնահերթություններից են, որ քաղաքացիներն ուզում են, որ լուծվեն»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց՝ Կառավարությունը կողմ է քվեարկել նախագծին, ունի կոնսենսուս մոդելի, ձևի, փուլայնության մասով: Փաթեթն ուղարկվել է խորհրդարան՝ աշխատանքային ձևաչափով քննարկման, ընդունվելուց հետո կսկսի գործել:
«Շատ մեծ ռեֆորմ է, այն իրենից ենթադրում է ոչ միայն զուտ ֆինանսական տողի ավելացում, այլ նաև ամբողջական վերափոխում է մեր մոդելը, թե ինչպես պետք է գնահատենք ծառայությունների որակը, ինչպես պետք է գնում իրականացնենք, դեղորայքային փոխհատուցումը»,- ասաց նախարարը և հավելեց, որ այսօր էլ՝ նախքան համակարգի՝ ԱԺ-ի կողմից ընդունումը, ռեֆորմի իրագործման առնչվող ամեն հնարավոր բան արվում է: