Այս տարի վերանայել ենք ծննդօգնության ծախսային ուղղությունները, և սա արել ենք հստակ՝ մտքում ունենալով այն, որ Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն, և ամեն բան պետք է արվի այս ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք նաև առաջին անգամ փոխհատուցում ենք ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Բայց սա ևս, կարծում ենք, որոշակի վարքային փոփոխություն կբերի:
Փոփոխությունները, իհարկե, շարունակվելու են նաև հաջորդ տարի: Մարզային փոքր ծննդատներին, որոնց, հաշվի առնելով փոքրությունը, չենք կարողանում բավարար միջոցներ գեներացնել՝ նույն աշխատավարձերը բարձրացնելու, ծառայությունների ինքնարժեքները ճիշտ փակելու առումով, մենք ինդեքսավորել ենք: Օրինակ՝ Մեղրիի, Ճամբարակի ծննդատներն այս տարի շատ ավելի մեծ գումարով են ստանում փոխհատուցումները, որպեսզի փոքրաթիվ ծնունդների պատճառով չտուժեն»,- ասաց նա:
Գնահատվել են նաև Երևանի և մարզերի մեծ մասի ծննդատները, որը ևս, ըստ Ավանեսյանի, քայլ առաջ է, որ պահանջները խստացվում են, վերահսկողությունը մեծանում է:
Նախարարը նաև հիշեցրեց, որ Գյումրու բժշկական կենտրոնում արհեստական բեղմնավորման ծառայությունն է ներդրվել, իսկ առաջիկայում այն կներդրվի նաև Գորիսում:
Այս փոփոխությունների նպատակը, ըստ նախարարի, ծնելիության խթանումն է, ինչպես նաև մոր ու մանկան առողջության մասով բոլոր ցուցանիշների բարելավումը: