2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2022 թվականին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 1,5 տոկոսի շրջանակում առողջապահության ծախսեր, 2023-ին դարձել է 1,6 տոկոս, 2025 թվականի այս բյուջեի շրջանակներում այն վերադարձել է 1,5 տոկոսի շրջանակներին, ինչը, կարծում ենք, ընդհանուր առմամբ, որպես առաջնահերթություն, չի արտահայտում մեր դիրքորոշումները»,- ասաց նա:
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Ավանեսյանը նշեց, որ 2025 թվականի համար մի քանի սկզբունքային քաղաքական որոշումներ են կայացվել, ինչի արդյունքում որոշվել է, որ այլևս «վերակառուցումների չեն գնալու», կառուցվելու են նոր շենքեր, նոր բժշկական կենտրոններ:
«Անգամ 20-30 տարվա հնության շենքերն այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին, բուժառուակենտրոն նոր միջավայր ստեղծելու հնարավորություններին, և այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և արդեն իսկ կազմվել են կառուցման նախագծեր: Հաջորդ տարվանից կլինեն մրցույթներ, և կկառուցվեն»,- ասաց նախարարը: