Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել է հոկտեմբերի 20-ին՝ նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։
Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ է արտահայտվել:
Այսպիսով, Մոլդովայի Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելու, այդ թվում՝ Սահմանադրության նախաբանում գրվելու է, որ «Եվրոպական ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է»։
Ավելի վաղ Մոլդովայի ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների կուսակցությունները կոչ էին արել չճանաչել հանրաքվեի արդյունքները, քանի որ դրա անցկացման ընթացքում «զանգվածային խախտումներ են եղել»։