Հոկտեմբերի 30-ին Բելգիայի փոխվարչապետ, միջին խավի, ինքնազբաղվածության, փոքր և միջին ձեռնարկությունների, գյուղատնտեսության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարական նորացման հարցերով նախարար Դավիդ Կլարինվալն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող աշխատանքները, անդրադարձ եղավ առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
Դեսպան Բալայանը բարձր գնահատեց Բելգիայի քաղաքական աջակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ մակարդակում, և մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները և այդ բնագավառում արձանագրված առաջընթացը։
Փոխվարչապետ Կլարինվալի խնդրանքով դեսպանը հանգամանալից ներկայացրեց հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը և այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագման աշխատանքները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։