Ընդհանարապես, և՛ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման և թիվ 1 առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հնարավոր չէ՞ Հայաստանի մասնակցությունը COP29-ին պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ:
Ինչ վերաբերում է COP29-ին Հայաստանի մասնակցությանը՝ Միրզոյանը տեղեկացրեց. «Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ: Հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և, իհարկե, չենք էլ բացառում: Բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը Ձեր ասածի համատեքստում»: