Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստին, որի օրակարգում մեկ հարց կար միայն, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:
Նախագծով կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինծառայությունից, վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմանները, վերահաշվարկի դիմելու ժամկետները:
ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները կողմ են քվեարկել նախագծի փաթեթին: Քվեարկության արդյունքում այն ընդոնվեց 77 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով: