Այս տարի պլանավորում ենք և այդ շրջանակում էլ կունենաք 3-3,1 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում: Հաջորդ տարի 5,7 տոկոս է պլանավորված: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ջանքերն ուղղված են նրան, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը նախ պետք է զարգանա, և հանքարդյունաբերության ոլորտում տենդենցները զարգացման են գնում, բայց նաև Ամուլսարի հանքի բաղադրիչը պետք է ավելանա: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Կարծում ենք, որ 2025 թվականի սկզբից Ամուլսարի հանքում պետք է սկսվեն աշխատանքները, և նվազագույնը վերջին եռամսյակում պետք է տեղի ունենա արդյունահանում և արտահանում:
Շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք ավելի լավ աշխատել, ավելի արագ և ավելի շուտ, որ ոչ թե հոկտեմբերի սկզբից սկսի արդյունահանումը, այլ սեպտեմբերից կամ օգոստոսից: Մենք կանխատեսում ենք, որ արդյունաբերական և տնտեսական աճի մակարդակներն ավելի բարձր կլինեն»,- ասաց նա:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ դրական զարգացումներ կան նաև Սոթքի հանքի մասով: