Այն տնտեսական աճը, որ նախորդ երկու տարիներին տեղի է ունեցել, 2,5-3 անգամ Հայաստանի պոտենցիալից ավելի է եղել: Այդպիսի աճերը, բնականաբար, երկարաժամկետ հեռանկարում չեն կարող պահպանվել, և ՀՀ կառավարության քաղաքականությունն առաջիկա տարիներին պետք է լինի որոշակի, մեր տնտեսական պոտենցիալից բարձր կայուն տնտեսական աճի ապահովումը: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս պահի դրությամբ մեր տնտեական պոտենցիալը միջազգային գործընկերները գնահատում են 4,5-5 տոկոսի շրջանակներում: Այսինքն՝ այն տեխնոլոգիաները, այն գիտելիքները, որոնք Հայաստանում կան, և այն մակրո- և միկրոիրավիճակը, որ կա, Հայաստանում այդպիսի տնտեսական աճ պետք է արձանագրվի:
Բայց մեր թիրախը շարունակում են մնալ շատ ավելի բարձր տնտեսական աճերը, քանի որ Կառավարության ջանքերը հենց դրա մասին են, քանի որ մենք չենք փորձում բավարարվել մինիմալ շեմերով, և հավելյալ ջանքերի, հավելյալ քաղաքականությունների արդյունքում մենք թիրախավորում ենք ավելի բարձր աճ:
Ուզում եմ նշել, որ Կառավարության ծրագրում արձանագրված 7 տոկոս տնտեսական միջին աճի թիրախը պահպանվում և կատարվում է այս պահի դրությամբ: Այսինքն՝ 2021-2024 թթ. ավարտի դրությամբ մեր միջին տնտեսական աճը 7 տոկոսից շարունակելու է մնալ բարձր, և հաջորդ տարիներին, եթե անգամ մենք այն թիրախները, որ դրել ենք 5,6 կամ 5,5 տոկոս ունենանք, ապա Կառավարությունը 100 տոկոսով կկատարի իր առջև դրված խնդիրը: Այսինքն՝ հնգամյակում միջին տնտեսական աճը կլինի 7 տոկոս: Սա շատ կարևոր է, որպեսզի արձանագրեք այս առումով:
Նշենք, որ շարունակում ենք՝ մեր պոտենցիալից 1-1,5 տոկոսով ավելի բարձր տնտեսական աճ թիրախավորել: Կարծում ենք, որ այդպիսի աճ կունենանք հաջորդիվ»,- ասաց նա: