«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումներին, թե «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելն իշխանության պարտադրանքն է:
«ՔՊ-ն նման բան չի որոշել, և «Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում է:
Եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դա իրավական պրոցես է: Եթե ավելի խոր ուսումնասիրեք, կիմանաք որ այդ քրեական գործը եղել է վաղուց, իսկ այն, որ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես են:
Իրավական պրոցեսի մասով կարող եք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, իրենք, համենայն դեպս, կունենան իրենց մեկնաբանությունը, իսկ իմ մասով ես չեմ հայտարարել այդպիսի բան, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ ՔՊ-ն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող անձնավորություններ»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե ՔՊ-ն իշխանություն է զավթում:
«Եթե քարոզարշավ եղավ, մարդկանց կներկայացնենք, որ իրականում նման բան չկա: Չպետք է և չարժե իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել: Բացարձակ մեկը մյուսի հետ կապված պրոցեսներ չեն:
ՔՊ կուսակցությունը հետագա մեր անելիքների մասին պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:
Հիշեցնենք՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, որը գտնվում է արտերկրում։