Առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով: Իսկ նույն կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասերում փոխգնդապետ կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու կամ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակվելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է:
Այս փոփոխությունները ներառված են ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթում, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը:
«Նախատեսվում է նաև նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարեցնելու իրավունք սահմանել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված, ՀՀ ԶՈՒ մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար և սահմանել այդպիսի զորամասում այլ պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ ներառյալ այդ իրավունքի դադարեցման դեպքերը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Նախագծով կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինծառայությունից, վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմանները, վերահաշվարկի դիմելու ժամկետները:
Նախաձեռնությունը վերաբերում է այն զորամասերին, որտեղ կա կադրային ռեսուրսի համալրման հրատապ խնդիր:
«Զորամասեր կան, որ ուղղակի համալրումը, կարելի է ասել, հրատապ բնույթ է կրում: Բացի դրանից՝ սա խրախուսական նորմ է պահեստազորում գտնվող մեր այն սպաների և շարքային կազմի համար, որոնք որոշակի սահմանային տարիքը դեռ չեն հատել և ծառայության համար պիտանի են, և անցել են երկարամյա կենսաթոշակի, վերադառնան ծառայության, ծառայեն այն զորամասերում, որոնք մենք մատնանշում ենք, ստանալ և՛ կենսաթոշակ, և՛ աշխատավարձ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջարկեց օրենքը տարածել նաև այն զինծառայողների վրա, որոնք մինչև օրենքի ընդունումն են վերադարձել զինծառայության երկարամյա ծառայությունից հետո: Արմեն Խաչատրյանն առաջարկեց հարցը քննարկել ԱԺ հանձնաժողովի նիստում:
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ կառավարությունը առաջարկություններ չունի, հայտարարեց հարակից զեկուցող, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում սահմանամերձ, հատուկ կարևորություն ունեցող ուղղությունների միջին և ցածր օղակների պաշտոնների համալրման գործընթացում»,- ասաց նախարարը և հավելեց, որ խոսքը վերաբերում է սահմանային և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին, օրինակ՝ ԱԹՍ-ների ուղղությամբ զորամասերին, կապի ոլորտին, հակաօդային պաշտպանությանը, հետախուզությանը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու նախագծի փաթեթին: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցումը տեղի կունենա 24-ժամյա ռեժիմով: