Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ արժեքներից և սկզբունքներից երկրի շեղումների պատճառով՝ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ Նա ընդգծել է, որ գործընթացը կասեցված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը շարունակում է հեռանալ Եվրամիությունից:
Վրաստանում ԵՄ դեսպանն ընդգծել է, որ անցյալ տարվա զեկույցից ի վեր Վրաստանն աննշան առաջընթաց է գրանցել ինը հանձնարարականների իրագործման հարցում: Նրա խոսքով՝ Վրաստանի մասին Եվրահանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս ակնհայտ հետընթաց ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրությունների քաղաքական բևեռացման և մարդու իրավունքների հետ կապված ոլորտներում: Զեկույցում նշվում է նաև, որ հետընթաց կա և դատական համակարգում։
«Թեև 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը դե ֆակտո դադարեցված է այն գործողությունների պատճառով, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է 2024 թվականի գարնանից»,- ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում:
Իր խոսքում Պավել Հերչինսկին նաև նշել է, որ Վրաստանում խորհրդարանի ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: «Դրանք չեն համապատասխանում Եվրամիության անդամության թեկնածու երկրի չափանիշներին: Միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները պետք է հնարավորինս արագ, թափանցիկ և անկախ հետաքննվեն»,- հայտարարել է դիվանագետը:
Երեկ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ անկախ դիտորդները Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները չեն որակել ազատ և արդար, և ոչ էլ հակառակը: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, խախտումների մասշտաբները, և ինչպես է դա ազդել արդյունքի վրա։ «Առանձին-առանձին չեմ թվարկի այդ խախտումները, բայց դրանք շատ են, և դրանցից շատերը լուրջ են։ Շատ կարևոր է հետևել իրադարձությունների զարգացմանը հաջորդ օրերին՝ կապված ընտրությունների դիտորդական խմբերի կողմից արձանագրված խախտումների հետաքննության հետ»,- նշել է Ջոզեֆ Բորելը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում