Բյուջետային համատեքստում քննարկումների արդյունքում 2025-ի համար հաստատվել է 17 միլիարդ 441 միլիոն դրամ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար, ինչը մի փոքր ավելի է նախորդ տարվանից: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս ավելացումը պայմանավորված է հիմնականում արտարժույթի փոխանակման կուրսով:
Նախարարը հայտնեց՝ ԱԳ նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտը 18 միլիարդ 23 միլիոն դրամի էր, այնինչ հաստատված հայտը պակաս է:
Խոսելով ԱԳ նախարարության ծրագրերի մասին՝ հայտնեց, որ կա 5 ծրագիր:
«10/61 ծրագիրն ապահովում է արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը: Երկրորդ ծրագիրը՝ 11/28, օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում դիվանագիտական մարմինների միջոցով արտաքին գործերի բնագավառում կառավարության քաղաքականության իրականացումը, մեր բյուջեի մոտավորապես 70 տոկոսն է:
Մենք հարաբերություններ ունենք 183 սուբյեկտի հետ: Վերջինը Պաղեստին Պետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Այս ծրագրի ներքո իրականացվում են մի շարք բարենորոգումներ՝ շենքի ձեռքբերումը նշվեց, որը հուսով եմ՝ շարունակական կլինի: Մի քանի մայրաքաղաքում ևս ծրագիր ունենք՝ մեր սեփականությունն ունենալու այնտեղ: Բնականաբար, այդ գույքերը ենթարկվում են վերանորոգման, տրանսպորտային միջոցները ևս մաշվում են ու թարմացման կարիք ունեն: Այսպես ասած՝ ՀՀ տնտեսությունը օտարերկրյա պետություններում մշտական խնամքի կարիք ունի»,- ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ որոշ երկրներում կա գների էական աճ հատկապես անշարժ գույքի վարձակալության ոլորտում, և մեր դիվանագետներին ՀՀ կողմից վարձակալության համար տրվող գումարները առանձին դեպքերում էականորեն նվազ են, քան շուկայում պատշաճ առաջարկներն են:
«Մենք այստեղ ևս առաջիկայում անելիք ունենք նույն բյուջեի հաստատման ուղղությամբ, և վստահ ենք, որ ֆինանսների նախարարության վերաբերմունքը այս մարտահրավերի նկատմամբ ևս ադեկվատ կլինի»,- ավելացրեց Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ հաջորդ՝ 11/18 ծրագրի նպատակն է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ. խոսքը անդամավճարների մասին է: 10/50 ծրագրով նախատեսվում է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում. խոսքը Դիվանագիտական դպրոցի մասին է: Հինգերորդ ծրագիրը՝ 11/78, նախատեսում է ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում»,- հայտնեց ԱԳ նախարարը:
Ամփոփելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը նշեց՝ բյուջետային գործընթացը դինամիկ գործընթաց է, և այն հայտը, որը այժմ ԱԺ-ում է, դեռևս ամբողջական չէ: