ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի կրթական համակարգի որակական նոր զարգացումներին և աշխատաշուկայի` որակյալ կադրերով համալրմանը:
«Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում են ակադեմիական քաղաքի կառուցման, ժամանակակից մասնագիտությունների ներդրման, բուհական կրթության և գիտության համար զարգացման մեծ հնարավորությունների ապահովման մի շարք ծրագրեր։ Դրանք ուղղված են հավակնոտ մի նպատակի, այն է՝ մինչև 2030 թ. միջազգային լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 հայկական բուհ: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր են միջազգային փորձն ու համագործակցության շրջանակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա ընդգծել է, որ գրեթե բոլոր ոլորտներում մարդկային ռեսուրսների համալրման և զարգացման կարիք կա, և այս առումով միջազգային ծրագրի շրջանավարտները կարող են ստացած կարողություններն ու հմտությունները ծառայեցնել ի նպաստ ՀՀ զարգացման:
2016 թվականից Երևանում Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ CITY College-ը սկսել է իրականացնել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021 թվականից Executive MBA ծրագրին միացել են նաև բրիտանական Յորքի համալսարանը և ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանը՝ այն դարձնելով ավելի ընդլայնված՝ Համաեվրոպական Executive MBA ծրագիր, իսկ CITY College-ը դարձել է բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս։ Ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով և սովորելով Հայաստանում՝ միաժամանակ ստանալ երկու MBA դիպլոմներ և միջազգային բիզնես կրթություն՝ բրիտանական Յորքի համալսարանից և ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանից:
2024 թվականի հոկտեմբերին մեկնարկում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի նոր ուսումնական տարին։ Ներկայում Հայաստանում արդեն իսկ կան 400 շրջանավարտներ բրիտանական Շեֆիլդի և Յորքի համալսարաններից, որոնք սովորել են բակալավրիատի, մագիստրատուրայի և Executive MBA ծրագրում։