Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ներկայացվող նախագիծը բխում է մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվեց Կառավարության կողմից, ինչպես նաև ուղղված է՝ ապահովելու ՀՀ կառավարության առաջնահերթություններից կարևորագույն մեկը, որն է՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է: Այս իմաստով հատկապես կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատամամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և զբոսաշրջության խթանման լավ հիմք: Խոսքը ոչ միայն հուշարձանների մասին է, այլ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության, որը դառնում է տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման հիմք, ինչպես նաև տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով:
Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ, ինչի լավ օրինակ է մասնավորապես ազգային ուտեստների շտեմարանի կազմումը, որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 տեսակի ճաշատեսակներ, և թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսել սննդի ոլորտում աշխատող ընկերություններին ներառել այդ ճաշատեսակները իրենց ճաշացանկերում, դրանք դարձնել նաև տարաբնույթ նյութ մեդիա դաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը և նաև տնտեսական զարգացմանը»,- ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը:
«Այս նախագծով առաջարկում ենք ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 51 տարրից, համալրել ևս 17 տարբեր արժեքներով, ինպիսիք են, օրինակ, համայնքներից ներկայացված Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, մեղվապահության ավանդույթը Ճամբարակում, քաղցր շարոցի պատրաստման ավանդույթն Աշտարակում և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այս բնակավայրերի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային և խորքային ճանաչողությանը»,- նշեց նախարարը:
«Ըստ էության, այս պրոցեսը, որում մենք հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով, կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Ինչո՞ւ է շատ կարևոր. երբ որ գործ ունենք նյութական արժեքների հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: