Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:
Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։