Փորձը ցույց է տալիս, որ բյուջեի նախագծի կամ Կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունների ժամանակ, երբ ծավալուն ելույթներ եմ ունենում իմ կողմից նշվող ուղղություններից, բովանդակության 99 տոկոսը չի հետաքրքրում պատգամավորներին, և հարցերը մի ուղղությամբ են ըստ էության: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով արտաքին գործերի նախարարության 2025 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերին ու միջոցառումներին:
Ամփոփ անդրադառնալով՝ ԱԳ նախարարը նշեց՝ բյուջեի կատարման համատեքստում ԱԳ նախարարության ջանքերը նախևառաջ ուղղված են և 2025 թվականին էլ շարունակելու են այդպիսին լինել, ՀՀ շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը:
«Սա առաջին հերթին իհարկե նշանակում է մեր տարածաշրջանում, մեր հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորում այն դեպքում, եթե դրանք կարգավորման կարիք ունեն, և զարգացում այն դեպքում, երբ դրանք կարգավորված են, ունենք լավ հարաբերություններ, բայց մենք նայում ենք լավից անդին՝ ցանկանալով զարգացնել դրանք մեր հարևանների հետ:
Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Պետք է նշենք, որ 2024-ին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ ուղղությամբ: Ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու հանձնաժողովների ղեկավարների միջև, ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է ՀՀ-ում Ազգային ժողովի կողմից, ադրբեջանական կողմում էլ նրանց համապատասխան ընթացակարգերն է անցել և առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024-ի այս մնացած ժամանակահատվածում և 2025-ին, հուսամ,- այս պահին որևէ խանգարող բան չի երևում,- սահմանազատման աշխատանքները կշարունակվեն: Բնականաբար, որքան արագ և արդյունավետ, այնքան լավ»,- ասաց արտգործնախարարը: