Washington Post թերթի սեփականատեր և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել է ճգնաժամի մեջ այն բանից հետո, երբ ավելի քան 200 հազար ընթերցող դուրս է եկել այս ազդեցիկ պարբերականի բաժանորդագրությունից։ Պատճառն այն է, որ Բեզոսը որոշել է, որ իր թերթն այլևս չի սատարելու նախագահի թեկնածուներից ոչ մեկին։
Washington Post-ն ավանդաբար պաշտպանում է դեմոկրատ թեկնածուներին 1970-ականներից սկսած։
Խմբագրության աղբյուրների համաձայն՝ պարբերականը նյութ է պատրաստել ի պաշտպանություն Քամալա Հարիսի, որը չի հրապարակվի։
Բեզոսի որոշումը վրդովմունք է առաջացրել խմբագրության և բաժանորդների շրջանում, որոնցից ոմանք հավատարիմ են թերթին ավելի քան 50 տարի:
Պարբերականի սեփականատեր Ջեֆ Բեզոսը բացատրել է, որ որոշումը թելադրված Է ընտրողների ընտրության վրա ազդեցություն չթողնելու ձգտմամբ:
Բեզոսի որոշման հակառակորդները, սակայն, ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ նույն օրը, երբ թերթը որոշել է չհրապարակել Հարիսին սատարող նյութը, պարբերականի սեփականատերը հանդիպել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Բեզոսը դա համարել է զուգադիպություն և վստահեցել, որ որոշումը կապ չունի իր բիզնես շահերի հետ և զիջում չէ Թրամփին։
Մեկ շաբաթ առաջ էլ Los Angeles Times-ի ղեկավարությունն էր նման որոշում կայացրել՝ չսատարել թեկնածուներից ոչ մեկին: Թերթը ծրագրել էր աջակցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, սակայն պարբերականի սեփականատեր միլիարդատեր Պատրիկ Սուն-Շիոնն արգելափակել է այդ քայլը: