ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին կոչ է արել հարվածել ԿԺԴՀ-ի զինվորականներին մեկ պայմանով, եթե նրանք հայտնվեն Ուկրաինայում՝ կռվելով Ռուսաստանի կողմից: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ ԿԺԴՀ իշխանությունները մոտ 10 հազար զինվոր են ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրա կարծիքով՝ զինվորականների մի մասն արդեն վերաբաշխվել է Ուկրաինայի տարածքին մոտ։ Սաբրինա Սինգհը հնարավոր է համարել, որ մոտ ապագայում հյուսիսկորեացի զինվորները կմասնակցեն մարտերին Կուրսկի շրջանում։
Financial Times-ը ներկայացրել է Սեուլի Ասան քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պաշտպանության հարցերով փորձագետի տեսակետը, ըստ որի, ԿԺԴՀ-ի զորքերը, որոնք ժամանել են ռազմական գործողությունների գոտի, կարող են օգտագործվել պաշտպանական գործողությունների համար։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն էլ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին ցուցաբերվող Հյուսիսային Կորեայի ռազմական օգնությունը, ինչպես նաև Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը, հանգեցնում են Ուկրաինայում հակամարտության սրմանը: