Մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր սահմաններին, միաժամանակ չենք միջամտում մյուս երկրների ներքին գործերին, ի տարբերություն արևմտյան պետությունների, հարգում ենք Վրաստանի ժողովրդի ինքնիշխան կամքը։ Ակնկալում ենք անդրկովկասյան այդ հանրապետության կայուն զարգացում, երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։
«Վրաստանը և Վրաստանի ժողովուրդը որոշեցին սահմանափակել իրենց սեփական, անկախ և ինքնիշխան երկրի ներքին գործերի վրա արտաքին ազդեցության հնարավորությունը՝ ընդունելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Մի քանի ամիս Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ անում էին վրացի ընտրողների ընտրության վրա ազդելու համար և դա անում էին բացարձակ կողմնակալ։
Չնայած հսկայական ճնշումներին՝ Վրաստանի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը։ Հոկտեմբերի 26-ին ընտրողները հանդես եկան կայունության, զարգացման և վրացական ավանդական արժեքների օգտին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ տարածաշրջանում Վրաստանի ամենամոտ հարևանները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ արդեն շնորհավորել են իշխող «Վրացական երազանքին»՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Իսկ, նրա բնորոշմամբ, այնպիսի կողմնակալ կառույցներ, ինչպիսին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, հաստատեցին, որ Վրաստանում ընտրությունը լավ է կազմակերպվել և անցկացվել՝ մրցակցային միջավայրում ու ընտրողների բարձր մասնակցության պայմաններում։
«ԱՄՆ-ն ու Մերձբալթյան երկրներն ընդհանրապես գոհ չեն այդ արդյունքից։ Նրանք նոր վերջնագրեր են ներկայացնում Վրաստանի ղեկավարությանը և վրացական քաղաքական միջավայրին, սպառնում են հետագա հետապնդումներով և պատժամիջոցներով, եթե Թբիլիսին պահպանի իր ներկայիս ինքնիշխան կուրսը, փորձում են կասկածի տակ դնել ընտրության օրինականությունը և սադրել հերթական գունավոր հեղափոխությունը Վրաստանում»,- ասել է Զախարովան։