ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:
Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վարում է մարզական խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, և 2025 թվականին Հայաստանում այդպիսի 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից:
Մասնավորապես՝ հաջորդ տարվա մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին շուրջ 50 երկրի ավելի քան 800 մարզիկ կմասնակցի: Կարևորելով խաղային մարզաձևերի զարգացման հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ապրիլի 12-20-ը Հայաստանում կանցկացվեն տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումները: Ավելի ուշ՝ հուլիսի 10-20-ը, Երևանում կանցկացվի բասկետբոլի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը, որին նախնական տվյալներով 20-24 երկրի մասնակցություն է ակնկալվում: Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն էլ մեր երկրում կանցկացվի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը՝ 16 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Հաշվի առնելով նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման մեր նախորդ փորձը՝ պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնենք կազմակերպված՝ մրցաշարերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների անցկացման կազմակերպչական մի շարք հարցերը, այդ թվում՝ մրցաշարերի վայրերի ընտրության, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման, այդ նպատակով մրցույթների կազմակերպման ժամկետների վերաբերյալ: