Մի հարցում միանշանակորեն կոմպրոմիս չկա. դա պետական միջոցների յուրացում, վատնում, փոշիացում և այլ եզրույթներն են, այդտեղ կոմպրոմիս չկա: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով անբարեխիղճ կապալառուների պատճառով պետական միջոցների վատնմանը:
«Ուզում է՝ շինարար չմնա մեր երկրում, եթե (գրոտեսկի վերածեմ) բոլորը գողացող են, ուրեմն բոլորը պիտի դատվեն, ու շինարարությունը կասեցնենք:
Բայց մյուս կողմից էլ, այո՛, մեդալը երկու երես ունի: Եթե անբարեխիղճ կապալառուների պատճառով տուժում են պետական ծրագրերը, կառավարության ծրագրի իրագործումը և բյուջեի կատարումն են նաև այդտեղ տուժում: Բայց իրավակարգի պահանջն է, նաև մեր լիազորություններն ու պարտականությունն է պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և օրինականությունը վերահսկելը»,- ասաց նա:
Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ թեև յուրաքանչյուր տարի երկրում 500 կիլոմետր և ավելի ճանապարհ է կառուցվում, հիմնանորոգվում, բազմաթիվ կարևոր ու ստրատեգիական նշանակության միջմարզային, հանրապետական նշանակության ճանապարհներ կան, որոնք 4-5 տարի չեն հիմնանորոգվել:
«Դա շարժում է տվյալ տարածաշրջանի քաղաքացիների զայրույթը և տարակուսանքը, բայց նրանք տեղյակ չեն, որ 4-5 անգամ մրցույթ է հայտարարվել: Մի անգամ անբարեխիղճ կապալառու է շահել, և ծրագիրը խաթարվել է, ապա դատարանների դռներն է ծրագիրը տարել-հասցրել: Երկրորդ անգամ մասնակից չի եղել: Երրորդ անգամ չափորոշիչներ ենք փոխել, նույնիսկ ընդունված գնագոյացումներն են ավելի բարձրացվել, որպեսզի կարողանան լրացուցիչ մասնակիցներ ներգրավել:
Բայց այդ առումով միանշանակ է, որ պետական միջոցներին պետք է շատ նուրբ, շատ ուշադիր և շատ զգոն վերաբերվել»,- ասաց նա: