Պրոբացիայի ծառայության ու ներդրման, դրա զարգացման ոլորտը մեր առաջնահերթություններից է, և այս ընթացքում մեր բոլոր ջանքերը, այդ թվում՝ ֆինանսական որոշ միջոցներ, փորձել ենք տեղափոխել քրեակատարողական և պրոբացիայի ու հարկադիր ծառայության կարիքները հոգալու համար, այս շրջանակներում է նաև պրոբացիայի բոլոր ծրագրերի ֆինանսավորումը չկրճատելու և դրանք ավելացնելու մեր քաղաքականությունը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
«Մենք շարունակում ենք ապահովել ազատությունից զրկված անձանց կրթական ծրագրերը և նրանց մշակութային զարգացմանն ուղղված ծրագրերը, որովհետև դրանք նույնպես վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի մաս են կազմում»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ նպատակով նախատեսվել է 195 միլիոն դրամ՝ դատապարտված անձանց կրթական ծախսերն իրականացնելու համար:
Գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերում ընդգրկված և իրավախախտում կատարած անձանց թիվը փաստացի կազմում է 201 անձ:
«2025-ի համար մենք նույնպես նախատեսում ենք 180 ունկնդիր, բայց կարծում ենք, որ այս շրջանակներում մեր գործառույթները պետք է անընդհատ և շարունակական լինեն, որպեսզի կարողանանք արդյունքներ գրանցել:
Պրոբացիայի ծառայության մեկնարկն էլ, ոլորտն էլ, կազմավորումն էլ դեռևս ՀՀ-ի համար նոր են, մենք կարիք ունենք և՛ վերագնահատելու այն, ինչ արդեն արել ենք, և նաև ապագայում նախանշելու այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են, քանի որ վստահ ենք, որ սրանք դեռ բավարար չեն վերասոցիալականացումն ապահովելու համար այնպես, ինչպես մենք կուզեինք»,- ընդգծեց Հարությունյանը: